Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒՐԵՄՆ... ԵԼՔԸ ՄԵԿՆ Է` ԱԶԳՈՎԻՆ ԿԱԽՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՈՒՐԵՄՆ... ԵԼՔԸ ՄԵԿՆ Է` ԱԶԳՈՎԻՆ ԿԱԽՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
18.11.2011 | 00:00

Երևանում եկել է առաջին ձյունը: Ճիշտ է` տեղնուտեղն էլ հալվելով, բայց ամբողջ քաղաքում գլխավոր ու երկրորդական փողոցներում խցանումներ են: 5 րոպեի ճանապարհն անցնում ես կես ժամում: Լավագույն դեպքում: Մտնում ես խանութ` շաքարավազից մինչև պանիր ու քաղցրավենիքից մինչև ընդեղեն, գները կծում են: Մտնում ես շուկա` ավելի ուժեղ են կծում: Խորհրդարանում հարկային փաթեթն ու 2012-ի պետական բյուջեի նախագիծն են քննարկում` երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը, տարին էլ նախընտրական է: Ֆիլիպ Կոտլերն է միջազգային մարքեթինգի դասեր տալիս: Ջոն Քենեդիին էլ սպանել են: Այդպես էլ չիմացան` ո՞վ էր պատվիրատուն: Իտալիայի 17 տարվա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական տվեց` ցմահ սենատոր Կառլո Մոնտին է կաբինետ կազմում: Բաշար Ասադի հրաժարականն էլ Իսլամական կոնֆերանսն է պահանջում ու անգամ Հորդանանի թագավոր Աբդալան: ՈՒ եթե մի քիչ էլ խորանամ, Հենրիկ Սենկևիչի «Յո երթաս»-ին եմ հասնելու, իսկ գուցե և ՈՒիլյամ Շեքսպիրի իշխան Համլետին, ում հարցերն այդպես էլ պատասխան չստացան, թեպետ մի քանի դար ամբողջ աշխարհով փորձեցին:
Հայաստանում ծավալվում են ամենակարևոր իրադարձությունները. մի անհայտ մարզպետ մի անմեղ կնոջ է խփել (այդպես էլ անհասկանալի մնաց` ոտքո՞վ, ձեռքո՞վ, մտքո՞վ), վարչապետն էլ մի երեկո հարբած ելույթ է ունեցել: Եվ այս դարակազմիկ դեպքերի վերաբերյալ բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են, ու բոլորն իրենց պարտավորված են համարում մեկնաբանել, իսկ հայկական մենթալիտետը մեկնաբանելը միայն մի հարթության մեջ է տեսնում` մեղադրել, մերկացնել, խարանել: Վերջ: ՈՒրեմն ելքը մեկն է` ազգովին կախում ենք Հանրապետության հրապարակում մարզպետին, Ազատության հրապարակում` վարչապետին, մի երկու ժամ շուրջները պտտվում ենք և գոհ ու բախտավոր գնում ենք տուն: Նվազ պատժի նրանք արժանի չեն, մենք համաձայն չենք: Կախում ենք: Որ մեզ կարևորված զգանք մեր արած կարևոր գործով, որ երջանկանանք հանուն հանուրի երջանկության մեր արդյունավետ գործունեությամբ, որ լցնենք մեր հոգու պարապը: Որովհետև այսպիսին ենք դարձել: Որովհետև միտք-սիրտ-հոգի եռանկյունը մեզ համար օտար մարմին է: Օտար ու անծանոթ երկրաչափություն: Որովհետև մեր իմացած երկրաչափությունը սկսվում ու վերջանում է մի հարթության վրա` մու-տի-լով-կա-յի: ՈՒ դա ամենահայերեն բառն է, որ ամենաբնորոշն է հայ իրականությանը` ամենավերինից ամենաստորին մակարդակներում: Ցավոք: Իսկ ինչո՞ւ: Որովհետև այնքան գայթակղիչ է ոչինչ չանելով հանուրի անցուդարձին խառնվելը, դասեր տալը, սեփական արժանիքների ու ամբիցիաների բարձրությունից մյուսների անարժանիության ու ամբիցիաների անհեթեթության մասին խոսելը: ՈՒ` նորից ինչո՞ւ: Ինչպե՞ս է, որ քաղաքական, հասարակական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, պատմական կյանքի կարևորագույն իրադարձությունների վրա մեր ուշադրությունը չի բևեռվում, մեր միտքը կանգ չի առնում, ու մեր սիրտը չի ցավում: Ինչո՞ւ է լրատվամիջոցների ազատությունն ընկալվում ընդամենը լրատվամիջոցների ամլության որակով: Ինչո՞ւ է հրապարակայնությունը վերածվել դագանակի, որ ամեն պահ կարող է իջնել ցանկացած մեկի գլխին` մեղավո՞ր է, մեղավոր չէ՞, տեղյա՞կ է, տեղյակ չէ՞, արժանի՞ է, արժանի չէ՞: Լինչի դատաստանի իրենց սուրբ պարտականությունը լրատվամիջոցները կատարում են ամենայն փութաջանությամբ ու սիրառատությամբ: Առանց պարզելու` պարզաբանում են, առանց հասկանալու` հասկացնում են, առանց տեղեկանալու` տեղեկացնում են: Ո՞վ է նրանց իրավունք տվել շարունակաբար բռնաբարելու ընթերցողի ու ունկնդրի միտքը, ժամանակը, նյարդերը: Ո՞վ է հնարել, թե դա է ամենապահանջված ապրանքը, որ ամենամեծ սպառումն ունի: Սուտ է: Սեփական ողորմելիությունը պատշաճ հարդարանքով ներկայացնելու նվաստ արդարացում: Որևէ նորմալ մարդու չի կարող հետաքրքրել` ով ում հետ է քնում, ով ում հետ է խմում, ով ում երբ որտեղ ինչպես ինչ, որովհետև ինչ տալիս ես, այն էլ ստանում ես: Իսկ նորմալ մարդու նորմալ բանականությունը նրան թելադրելու է, որ եթե ինքդ ինչ-որ մեկին հանիրավի ու անտեղի մեղադրում ես այսօր, վաղվա այդ ինչ-որ մեկը դու ես: Նորմալ մարդու նորմալ բանականությունը հասկանալու է նաև այն բանալ ճշմարտությունը, որ ազատությունը մնում է ազատություն շնորհիվ տաբուների: Իսկ տաբուներն ընդամենը սկզբունքների հավաքածու են, որոնց հիմքում 10 պատվիրաններն են:
Եվ խնդիրն ամենևին էլ տեխնիկական թերությունների պատճառով վարչապետի խոսքի կասկածելի սթափությունը չէ, նույնիսկ այն չէ` վարչապետը մինչև իր ելո՞ւյթն էր նշել Երիտասարդների համաշխարհային օրը, թե՞ ընդհանրապես չէր նշել, կամ` Սյունիքի մարզպետը ի՞նչ գործ ուներ «Արմենիա-Մարիոթում» ու ինչո՞ւ էր բոլոր կանանցից հենց այդ կնոջ հետ ընտրել հաղորդակցության հենց այդ ձևը, դրանք մանրուքներ են, որ օրեցօր փոխվում են: Կարևորը վարձավճարվածության մեխանիզմով հասարակության հմտորեն կառավարումն է` վարկաբեկել բոլորին ու ամեն ինչ, ստեղծել ամենագետի ու ամենիմացի տպավորություն, հավաստիության հովանի, որի ներքո թացն ու չորը, տաքն ու պաղը տարբերող չկա: Տրամաբանորեն սկզբում հայտնվում է կրակը, հետո` ծուխը, բայց երբ կրակն արդեն հայտնվել է, ո՞վ է նկատելու, որ սկզբում ծուխն էր, հետո կրակ առաջացավ: Դրանք էլ մանրուքներ են, որովհետև առանցքը սենսացիան է, ավելի ճիշտ` սենսացիայի այն ընկալումը, որ ձևավորել է ոչ թե հասարակական փչացած միտքը, այլ հասարակական մտքի պատվերով փչացրած ընկալումը: ՈՒ միակ հարցը, որ կարող է լինել` մինչև ե՞րբ: Մինչև ե՞րբ կարող ենք ալիք փոխել ու թերթ չկարդալ, մինչև ե՞րբ սոցիալական ցանցերը պիտի խորապես ապասոցիալական մնան: Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր, երբ հիշում եմ, որ բոլորը կարդալ գիտեն, կորցնում եմ գրելու ցանկությունը: Ռեակցիոն էր-ռեակցիոն չէր, իմաստուն մտածող էր Նիցշեն:
Մնում է պարզել` ինչո՞ւ սպանեցին Ջոն Քենեդիին: Գուցե ա՞յդ պատճառով են մարզպետ ու վարչապետ իրար խառնվել: Իսկ եթե իրավացիորեն կարծում եք, որ հարցն անհեթեթ է, ուրեմն դուք ապասոցիալական ու ապաքաղաքական տարր եք: Եվ փա՜ռք Աստծո, որովհետև հենց դո՛ւք եք երկրի աղը: Մնացածը` ըստ Աստվածաշնչի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ